Archive for October, 2009

Հովվական հանդիպում Վրաստանում

October 31, 2009

Hovivnerin qarozelisԱյսօր կեսօրին հանդիպում ունեցա Վրաստանի եւ Հայաստանի շուրջ  100 հովիվների հետ: Ես խոսում էի այն մասին, որ հովվական ծառայությունն այն ծառայությունն է, որն ամենաշատն է հարձակումների ենթարկվում: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հովիվների ծառայությունը ձեռք է բերել չափազանց կարեւոր նշանակություն: Նշեցի, որ հովիվներն աշխատում են մարդկանց հետ, ինչի կարիքն այսօր շատ է զգացվում: Իրականությունն այն է, որ մարդիկ դավանում են, որ իրենք քրիստոնյա են, սակայն նրանց միտքը նորոգված չէ, ինչի պատճառով իրենց թույլ են տալիս քրիստոնյային անվայել վարքուբարք:

Այսօր Աստված լավ հովիվների կարիք ունի, եւ այդպիսի հովիվներ իրականում կան, սակայն մարդիկ հաճախ չեն պատկերացնում, թե հովիվ դառնալու ճանապարհին նրանք ինչերով են անցել եւ ինչ գին են վճարել: Երբեմն հավատացյալները տեսնում են հովիվների գրասենյակները, մեքենաները, ծառայությունները եւ ցանկություն են ունենում դառնալ հովիվ` չգիտակցելով, որ դա շատ փշոտ, դժվարին եւ մեծ գին պահանջող ճանապարհ է: Ընդ որում, եթե մեկն առանց կոչում ունենալու ձգտում է հովիվ դառնալ, այդ ծառայությունը նրա համար կարող է շատ տանջալից լինել: Վերջ ի վերջո, Աստված է կանչում եւ օծում մարդուն հովվական ծառայության համար:

Vrastan10Ես ասացի, որ ամենաշատը սիրում եմ կարդալ Աստվածաշնչի այն հատվածները, որոնք վերաբերում են հովիվներին, հատկապես, երբ Աստված հանդիմանում է հովիվներին: Ինչու, որովհետեւ այդ խոսքերի լույսի ներքո կարողանում ես քննել քո ծառայությունը եւ սխալներ գտնելու դեպքում շտկել դրանք; Այդպիսի հայտնի գլուխ է Եզեկիել 35-ը, որտեղ Տերն ասում է, որ հովիվները հոտն արածեցնելու փոխարեն իրենց անձն են արածեցնում, որ տկարներին չեն ուժեղացնում, հիվանդին չեն բժշկում, մոլորվածին ետ չեն բերում, կորածին չեն որոնում, խստությամբ եւ բռնությամբ են տիրում հոտի վրա: Ես հորդորեցի հովիվներին` միշտ իրենց աչքի առջեւ պահել այս խոսքերը եւ ջանք չխնայել իրենց վստահված Աստծո հոտին խնամք տանելու համար:

Վրաստանում առաջինը մեզ դիմավորեց անձրեւը

October 31, 2009

Երեկ 56 ծառայողներով ժամանեցինք Թբիլիսի, որտեղ մեկնարկ տրվեց Վրաստանի հովիվների եւ ավագների մասնակցությամբ կոնֆերանսին: Առաջինը մեզ անձրեւը դիմավորեց, եւ դա մարգարեական էր այն առումով, որ Վրաստանում արթնություն է սկսվելու:

photoԵրեկոյան ես քարոզեցի քաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր մշակութային դահլիճներից մեկում, որտեղ հավաքված էին 1000-ից ավելի ծառայողներ: Պատգամի թեման էր «Ինչ ենք անում, երբ Աստված լռում է»: Եսայի 54:7-ն ասում է. «Մի փոքր վայրկյան քեզ թողեցի, բայց մեծ ողորմություններով քեզ պիտի ժողովեմ»: Մենք տեսնում ենք, որ ինչ-որ պահ Աստված Դավթին թողեց, եւ ինչ արեց նա. մեղք գործեց` աչք դնելով Ուրիայի կնոջը: Սակայն Դավիթն ապաշխարող սիրտ ուներ, նա զղջաց իր արարքի համար, եւ դա լավ դաս եղավ նրա ողջ կյանքի ընթացքում: Մենք կարող ենք նկատել, որ հետագայում նույնպես լինում են «մի փոքր վայրկյաններ», որ Տերը թողնում է Դավթին, ու նրա շուրջը փոթորիկներ են սկսվում, բայց նա այլեւս մեղք չի գործում Տիրոջ առաջ:

bemi vraphotoԱյսօր մեր առջեւ հարց է դրված` երբ Տերը մի պահ թողնում է մեզ, ինչ ենք մենք անում: Մի բան պետք է հաստատ որոշենք, որ այդ ժամանակ պետք է մնանք եւ սպասենք այնտեղ, որտեղ Տերը թողել է մեզ, եւ Նա անպայման կվերադառնա ու կխոսի մեզ հետ: Երբեմն ինչ-որ բաներ ենք անում, բայց հարց չենք տալիս, արդյոք Աստված դա ցանկանում է, թե ոչ: Չէ որ մենք աղոթում ենք. «Թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է»: Մատթ. 24:46-ում ասվում է. «Երանի այն ծառային, որ երբ նրա Տերը գա, նրան այնպես անելիս գտնի»: Այստեղ խոսքն այն մասին է, որ մենք` որպես Աստծո ծառաներ, պետք է ոչ թե մեր ցանկությունները կատարենք կամ այն, ինչը մենք ճիշտ ենք համարում, այլ` Տիրոջ կամքը:

Աստված երբեմն լռում է, եւ դա մեզ համար յուրատեսակ փորձություն է, թե արդյոք մենք կկատարենք այն, ինչ Նա պատվիրել է: Աստված պատվեր տվեց Աբրահամին, որ նա զոհի իր սիրելի որդուն` Իսահակին: Ապա մենք տեսնում ենք, որ Տերը լռում է եւ սպասում` արդյոք Աբրահամը կզոհի, թե ոչ: Նմանապես Աստված Ադամին պատվիրեց, որ ծառի պտղից չուտի: Եթե Տերն այսօր չի խոսում, ապա արա այն, ինչ Նա ասել է քեզ վերջին անգամ:

DahlichphotoՄատթ. 25-րդ գլխում կարդում ենք տասը կույսերի մասին առակը: Ասվում է, որ երկնքի արքայությունը նման է տասը կույսերի, որ իրենց լապտերները վերցրեցին եւ դուրս եկան փեսային դիմավորելու: Նրանցից հինգն իմաստուն էին, հինգը` հիմար: Իմաստուններն իրենց լապտերների համար ձեթ վերցրեցին ամանների մեջ, մինչդեռ հիմարներն այդպես չարեցին: Այստեղձեթը խորհրդանշում է Աստծո օծությունն ու զորությունը: Շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ երբ փեսան ուշացավ, բոլորը թմրեցին եւ քնեցին, այդ թվում նաեւ իմաստուն կույսերը, մինչդեռ Աստծո Խոսքը պատվիրում է մեզ չքնել, այլ արթուն լինել եւ հսկում անել: Առակից հասկանում ենք, որ երբ փեսան ուշանում է, ոմանք օծությամբ են քնում, ոմանք` առանց օծության:

Apashxarutyun2Այնուհետեւ կեսգիշերին աղաղակ եղավ. “Ահա, փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու”: Երբ ես քննում էի այս առակը, ինձ մոտ հարց ծագեց, իսկ ով էր նա, որ գիշերվա կեսին արթուն էր եւ աղաղակում էր: Հասկացա, որ դա արթնության մեջ քայլող եկեղեցին է, որն ամենուր ավետում է Տիրոջ գալուստը: Ես խորապես համոզված եմ, որ այսօր պետք է ավելի, քան երբեւէ լսելի լինի եկեղեցու ձայնը: Նա պետք է աղաղակի մեղքի եւ անօրենության դեմ, պետք է աղաղակի, որ արհեստական վիժեցումը, թմրադեղերը, արբեցողությունը, բաժանությունները եւ սրանց նման բաները չարիք են: Աստված փրկարար օղակը չի տվել որպես զարդ, այլ` որպես մարդկանց փրկելու միջոց: Այսօր եկեղեցու ձայնը այն փրկարար օղակն է, որով Տերը կամենում է հասնել ազգերին:

Վերջում ես կոչ արեցի բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ պարզապես մոլորվել են եւ չգիտեն, թե որտեղ են գտնվում, գալ առաջ եւ միասին աղոթք անել:

Պատանեկան կոնֆերանս

October 29, 2009

patanekanphotoԵրեկ եկեղեցում մեկնարկ տրվեց եռօրյա պատանեկան կոնֆերանսին: Սա հրաշալի հնարավորություն է, որ պատանիները վերապրեն Աստծո ներկայությունը, լցվեն Աստծո Խոսքով, որոշում կայացնեն ”ոչ” ասել մեղքին եւ “այո” ասել Տիրոջ կամքին:

Պատանիների հետ զրուցում էի այն մասին, որ բամբասանքն ու չարախոսությունը շատ տգեղ եւ վատ երեւույթ են: Դրանց պատճառով կարող են տուժել փոխհարաբերություններ, քանդվել ընկերություններ եւ վնասվել բարի անուններ: Ես ասում էի, որ քրիստոնյային վայել չէ խոսել ինչ-որ մեկի թիկունքում, մանավանդ որ այդպիսի ասեկոսեների 90 տոկոսը սուտ է լինում: Դա ապացուցելու համար ես բեմ հրավիրեցի մեկ տասնյակ պատանիների, կանգնեցրեցի նրանց մեկ շարքով եւ առաջինի ականջին ասացի մի կարճ պատմություն` խնդրելով, որ հաջորդաբար մեկը մյուսին փոխանցեն այդ պատմությունը: Արդյունքում ստացվեց այն, ինչ հաճախ կոչում են “փչացած հեռախոսի” էֆեկտ: Մինչեւ այդ պատմությունը հասավ շարքի վերջում կանգնած պատանուն, իմ պատմածից ոչինչ չէր մնացել: Նրանք համոզվեցին, որ հաճախ հենց իրենք այդպես մեկը մյուսից լսում եւ տարածում են ասեկոսներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ես կոչ արեցի պատանիներին, որ երբ իրենք միմյանց հետ խնդիրներ են ունենում, ոչ թե ուրիշների մոտ վատաբանեն իրար, այլ երես առա երես պարզեն իրենց խնդիրները: Վերջում երբ հորդորեցի նրանց Աստծո առաջ ապաշխարել  բամբասանքից եւ չարախոսությունից, նրանց մեծամասնությունը ծնկի եկավ եւ խնդրեց Տիրոջը, որ Նա ների իրենց մեղքերը եւ օգնի ձերբազատվել բամբասանքի կապանքից: Համոզված եմ, որ սա իրական պտուղ կգործի նրանց կյանքում:

Հեռուստահաղորդումներ անվանի հայ քրիստոնյա ֆիզիկոսի հետ

October 27, 2009

Կիրակի օրը հեռուստահաղորդումներ նկարահանեցինք շատ սպասված եւ ցանկալի հյուրի` ամերիկահայ ճանաչված ֆիզիկոս, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ, Ավետարանի ջատագով, դոկտոր Գնել Դուրյանի հետ:

HOVIV EV GNEL2

Ինքս հովիվ լինելով` վերջին շրջանում նկատում եմ, որ մարդկանց հարցերի որակը գնալով փոխվում է` կենցաղայինից անցնելով գիտական մակարդակի: Եվ բոլորս, առավել եւս Աստծո ծառայողներս կարիք ունենք քաջատեղյակ լինելու ոչ միայն աստվածաբանության, այլ նաեւ գիտակրոնական հարցերում: Ուստի կենդանի հավատքով եւ Ավետարանի կրակով լցված անվանի գիտնականի հետ երկու հեռուստահաղորդումները հրաշալի հնարավորություն տվեցին` գիտական պարզաբանումներ ստանալու մեզ հուզող տարբեր հարցերի վերաբերյալ:

Դոկտոր Դուրյանը հարուստ եւ հետաքրքիր կյանքի ճանապարհ է անցել: Ծնվել է Լիբանանում, մեծացել Երուսաղեմում, ապա ընտանիքի հետ գաղթել ԱՄՆ, ուր պաշտպանել է իր դոկտորականը` ֆիզիկայից եւ տիեզերագիտությունից: Նա գիտական գործունեություն է ծավալել աշխարհի հեղինակավոր գիտահետազոտական հաստատությունների հետ եւ այժմ էլ զբաղվում է այլընտրանաքային էնեգետիկայի հնարավորությունների զարգացման գիտական աշխատանքներով: Նրա ծնողները մանուկ հասակից քրիստոնեական դաստիարակություն են տվել իրենց զավակին: Պատանեկան տարիներին նրան միշտ հետաքրքրել է գիտությունը, սակայն մտահոգ է եղել` արդյոք հնարավոր է լինել հավատացյալ եւ միաժամանակ զբաղվել գիտությամբ: Մինչեւ որ, իր իսկ խոսքերով, Աստված հայտնություն է տալիս, որ թե’ հավատքի, եւ թե’ գիտության հեղինակը Ամենակարող Տերն է:

Այցելություն Չարենցավանի եկեղեցի

October 26, 2009

Մարզային եկեղեցիներ այցելությունների շրջանակում շաբաթ օրը եղա Չարենցավանի եկեղեցում: Այստեղ անցկացրեցի հովիվների եւ ավագների, ինչպես նաեւ ընդհանուր եկեղեցական ծառայություններ: Անչափ ուրախալի էր տեսնել հավատացյալներին արթուն, հավատքով լցված եւ աշխույժ վիճակում: Իրոք, Չարենցավանի եկեղեցին զորացած է սիրով, հավատքով եւ Աստծո կամքը կատարելու նախանձավորությամբ: Մարդիկ վկայում են, որ այս ծառայությունները նոր շունչ եւ կրակ հաղորդեցին եկեղեցուն: Բոլորը պատրաստակամ են էլ ավելի առաջանալ Աստծո արքայության մեջ եւ նորանոր գործերով փառավորել Տիրոջ անունը:

Աֆորիզմ

October 26, 2009

artur_simonyan

ԵԹԵ ԱՆՏԵՍԵՍ ՓՈՔՐ ԳՈՐԾԸ, ԵՐԲԵՔ ՉԵՍ ՀԱՍՆԻ ՄԵԾԻՆ:

                                      ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Հեռուստահարցազրույց վեր. Ռայմոնի հետ

October 24, 2009

Երեկ ես հեռուստահարցազրույց անցկացրեցի Բելգիայի Ավետարանական եկեղեցիների դաշնային սինոդի անդամ, վեր. Վանդեպու Ռայմոնի հետ: Մենք զրուցեցինք կարեւոր թեմաների մասին, ինչը կարծում եմ հետաքրքիր եւ օգտակար կլինի հեռուստադիտողների համար:

FOTO HOVIV

Մարգարեական ուղերձ

October 23, 2009

Pastor-VixmanԱյսօր հանդիպում ունեցա Գերմանիայից ժամանած հիասքանչ ծառայողի`  M107 միսիայի ղեկավար Պետեր Վիխմանի հետ: Նա Աստծուց մարգարեական ուղերձներ էր ստացել. մեկն իմ անձնական կյանքի համար էր, մյուսը` Հայաստանի վերաբերյալ: Հայաստանի մասին ուղերձում ասվում էր, որ սկսվում է մեծ արթնություն, բայց դրան պետք է նախորդի մի բան, որ եկեղեցիները սիրով լցվեն միմյանց հանդեպ:

Հանդիպում բելգիացի պատվարժան հյուրի հետ

October 22, 2009

Այս օրերին մեր եկեղեցու հյուրն է Եվրոպայում շատ ազդեցիկ հոգեւոր գործիչ, Բելգիայի Ավետարանական եկեղեցիների դաշնային սինոդի անդամ, Antioch A.net.  քրիստոնեական հանրակցության հովիվ-նախագահ, վեր. Վանդեպու Ռայմոնը: Երեկ ես առանձնազրույց ունեցա մեր շատ հարգելի հյուրի հետ, եւ պետք է ասեմ, որ հրաշալի է շփվել Աստծո իմաստությամբ, գիտությամբ լցված եւ առաքելական օծությամբ ծառայող անձնավորության հետ: Չնայած իր դիրքին եւ ազդեցությանը` վեր. Ռայմոնը չափազանց խոնարհ եւ հեզ անձնավորություն է: Ես տպավորված եմ նրա հետ հանդիպումից: Նա այժմ սովորեցնում է մեր Աստվածաշնչյան դպրոցում, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին քարոզելու է եկեղեցական ծառայությունների ժամանակ:

Ընկճված օրը ուժդ թող չթուլանա

October 20, 2009

Pastor nexutyan orՇաբաթ եւ կիրակի օրերին անցկացրեցի եկեղեցական ծառայություններ, որոնց ժամանակ քարոզում էի ընկճված օրը չթուլանալու մասին: Փաստն այն է, որ ժամանակ առ ժամանակ բոլորիս կյանքում պատահում են ընկճված օրեր, որոնք կարող են տարբեր պատճառ ունենալ` անձնական, ընտանեկան, ֆինանսական, աշխատանքային, ծառայողական եւ այլն: Սակայն մեզանից է կախված, թե ինչպես մենք կդիմավորենք այդ օրերը` թուլացած եւ պարտվողական տրամադրությամբ, թե ուժեղացած եւ հաղթելու վճռականությամբ: Ես սիրում եմ ասել, որ կյանքը երբեմն նման է անպարկեշտ մատուցողի` մատուցում է այն, ինչ չես պատվիրել: Բայց մենք նեղության օրն իրավունք չունենք հանձնվել, այլ, ընդհակառակը, պետք է ապրելու եւ հաղթելու որոշում կայացնենք:

Աստվածաշունչն ասում է. “Եթե նեղության օրը թուլացար, ուժդ նեղ կլինի” (Առակ. 24:10): Մեկ ուրիշ խոսքերով` եթե թուլանաս, կործանում կունենաս:

Ծառայությունների ժամանակ ես մի քանի օրինակներ բերեցի այնպիսի մարդկանց կյանքից, ովքեր ամենածայրահեղ եւ անելանելի իրավիճակներում որոշում էին կայացրել չհանձնվել: Պատմում էի, թե ինչպես մի անձնավորություն ավիավթարից հետո ընկերների հետ միասին հայտնվել էր ձնածածկ սարերի վրա` առանց փրկության որեւէ հույսի, բայց չնայած մյուսների, որոնք դադարել էին պայքարել, նա որոշել էր, որ ինքը պետք է գնա մինչեւ վերջ եւ ապրի: Նա սողեսող հաղթահարում է ձնաբքի եւ ցրտաշունչ քամու արգելքները, թեեւ ճանապարհին անզգայանում են ոտքերն ու ձեռքերը: Ի վերջո, փրկարարները գտնում են այդ անձնավորությանը եւ օգնություն ցուցաբերում: Չնայած այսօր նա կրում է պրոթեզներ, բայց ողջ է եւ աշխարհին վկայում է ընկճված օրը չթուլանալու մասին:

Առավել եւս մենք` քրիստոնյա հավատացյալներս, չպետք է ընկճված օրը թուլանանք, այլ վարվենք այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է պատվիրում. ”Այսուհետեւ, եղբայրնե’ր, զորացեք Տերով եւ Նրա զորության կարողությունով: Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ, որովհետեւ մեր պատերազմն արյան եւ մարմնի հետ չէ, այլ… այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են” (Եփես. 6:10-12): Ապա թվարկվում է, թե որն է Աստծո սպառազինությունը` ճշմարտության գոտին, արդարության զրահը, խաղաղության կոշիկները, հավատքի վահանը, փրկության սաղավարտը, Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է: Ինչպիսի նեղություն էլ լինի, միշտ հիշիր, որ Տերը տվել է քեզ սպառազինություն, որի միջոցով դու կարող ես հաղթահարել ցանկացած ընկճված օր: