Կիրակի օրը հեռուստահաղորդումներ նկարահանեցինք շատ սպասված եւ ցանկալի հյուրի` ամերիկահայ ճանաչված ֆիզիկոս, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ, Ավետարանի ջատագով, դոկտոր Գնել Դուրյանի հետ:

Ինքս հովիվ լինելով` վերջին շրջանում նկատում եմ, որ մարդկանց հարցերի որակը գնալով փոխվում է` կենցաղայինից անցնելով գիտական մակարդակի: Եվ բոլորս, առավել եւս Աստծո ծառայողներս կարիք ունենք քաջատեղյակ լինելու ոչ միայն աստվածաբանության, այլ նաեւ գիտակրոնական հարցերում: Ուստի կենդանի հավատքով եւ Ավետարանի կրակով լցված անվանի գիտնականի հետ երկու հեռուստահաղորդումները հրաշալի հնարավորություն տվեցին` գիտական պարզաբանումներ ստանալու մեզ հուզող տարբեր հարցերի վերաբերյալ:
Դոկտոր Դուրյանը հարուստ եւ հետաքրքիր կյանքի ճանապարհ է անցել: Ծնվել է Լիբանանում, մեծացել Երուսաղեմում, ապա ընտանիքի հետ գաղթել ԱՄՆ, ուր պաշտպանել է իր դոկտորականը` ֆիզիկայից եւ տիեզերագիտությունից: Նա գիտական գործունեություն է ծավալել աշխարհի հեղինակավոր գիտահետազոտական հաստատությունների հետ եւ այժմ էլ զբաղվում է այլընտրանաքային էնեգետիկայի հնարավորությունների զարգացման գիտական աշխատանքներով: Նրա ծնողները մանուկ հասակից քրիստոնեական դաստիարակություն են տվել իրենց զավակին: Պատանեկան տարիներին նրան միշտ հետաքրքրել է գիտությունը, սակայն մտահոգ է եղել` արդյոք հնարավոր է լինել հավատացյալ եւ միաժամանակ զբաղվել գիտությամբ: Մինչեւ որ, իր իսկ խոսքերով, Աստված հայտնություն է տալիս, որ թե’ հավատքի, եւ թե’ գիտության հեղինակը Ամենակարող Տերն է: