Պատանեկան կոնֆերանս

By artursimonyan

patanekanphotoԵրեկ եկեղեցում մեկնարկ տրվեց եռօրյա պատանեկան կոնֆերանսին: Սա հրաշալի հնարավորություն է, որ պատանիները վերապրեն Աստծո ներկայությունը, լցվեն Աստծո Խոսքով, որոշում կայացնեն ”ոչ” ասել մեղքին եւ “այո” ասել Տիրոջ կամքին:

Պատանիների հետ զրուցում էի այն մասին, որ բամբասանքն ու չարախոսությունը շատ տգեղ եւ վատ երեւույթ են: Դրանց պատճառով կարող են տուժել փոխհարաբերություններ, քանդվել ընկերություններ եւ վնասվել բարի անուններ: Ես ասում էի, որ քրիստոնյային վայել չէ խոսել ինչ-որ մեկի թիկունքում, մանավանդ որ այդպիսի ասեկոսեների 90 տոկոսը սուտ է լինում: Դա ապացուցելու համար ես բեմ հրավիրեցի մեկ տասնյակ պատանիների, կանգնեցրեցի նրանց մեկ շարքով եւ առաջինի ականջին ասացի մի կարճ պատմություն` խնդրելով, որ հաջորդաբար մեկը մյուսին փոխանցեն այդ պատմությունը: Արդյունքում ստացվեց այն, ինչ հաճախ կոչում են “փչացած հեռախոսի” էֆեկտ: Մինչեւ այդ պատմությունը հասավ շարքի վերջում կանգնած պատանուն, իմ պատմածից ոչինչ չէր մնացել: Նրանք համոզվեցին, որ հաճախ հենց իրենք այդպես մեկը մյուսից լսում եւ տարածում են ասեկոսներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ես կոչ արեցի պատանիներին, որ երբ իրենք միմյանց հետ խնդիրներ են ունենում, ոչ թե ուրիշների մոտ վատաբանեն իրար, այլ երես առա երես պարզեն իրենց խնդիրները: Վերջում երբ հորդորեցի նրանց Աստծո առաջ ապաշխարել  բամբասանքից եւ չարախոսությունից, նրանց մեծամասնությունը ծնկի եկավ եւ խնդրեց Տիրոջը, որ Նա ների իրենց մեղքերը եւ օգնի ձերբազատվել բամբասանքի կապանքից: Համոզված եմ, որ սա իրական պտուղ կգործի նրանց կյանքում: