Երեկ 56 ծառայողներով ժամանեցինք Թբիլիսի, որտեղ մեկնարկ տրվեց Վրաստանի հովիվների եւ ավագների մասնակցությամբ կոնֆերանսին: Առաջինը մեզ անձրեւը դիմավորեց, եւ դա մարգարեական էր այն առումով, որ Վրաստանում արթնություն է սկսվելու:
Երեկոյան ես քարոզեցի քաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր մշակութային դահլիճներից մեկում, որտեղ հավաքված էին 1000-ից ավելի ծառայողներ: Պատգամի թեման էր «Ինչ ենք անում, երբ Աստված լռում է»: Եսայի 54:7-ն ասում է. «Մի փոքր վայրկյան քեզ թողեցի, բայց մեծ ողորմություններով քեզ պիտի ժողովեմ»: Մենք տեսնում ենք, որ ինչ-որ պահ Աստված Դավթին թողեց, եւ ինչ արեց նա. մեղք գործեց` աչք դնելով Ուրիայի կնոջը: Սակայն Դավիթն ապաշխարող սիրտ ուներ, նա զղջաց իր արարքի համար, եւ դա լավ դաս եղավ նրա ողջ կյանքի ընթացքում: Մենք կարող ենք նկատել, որ հետագայում նույնպես լինում են «մի փոքր վայրկյաններ», որ Տերը թողնում է Դավթին, ու նրա շուրջը փոթորիկներ են սկսվում, բայց նա այլեւս մեղք չի գործում Տիրոջ առաջ:
Այսօր մեր առջեւ հարց է դրված` երբ Տերը մի պահ թողնում է մեզ, ինչ ենք մենք անում: Մի բան պետք է հաստատ որոշենք, որ այդ ժամանակ պետք է մնանք եւ սպասենք այնտեղ, որտեղ Տերը թողել է մեզ, եւ Նա անպայման կվերադառնա ու կխոսի մեզ հետ: Երբեմն ինչ-որ բաներ ենք անում, բայց հարց չենք տալիս, արդյոք Աստված դա ցանկանում է, թե ոչ: Չէ որ մենք աղոթում ենք. «Թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է»: Մատթ. 24:46-ում ասվում է. «Երանի այն ծառային, որ երբ նրա Տերը գա, նրան այնպես անելիս գտնի»: Այստեղ խոսքն այն մասին է, որ մենք` որպես Աստծո ծառաներ, պետք է ոչ թե մեր ցանկությունները կատարենք կամ այն, ինչը մենք ճիշտ ենք համարում, այլ` Տիրոջ կամքը:
Աստված երբեմն լռում է, եւ դա մեզ համար յուրատեսակ փորձություն է, թե արդյոք մենք կկատարենք այն, ինչ Նա պատվիրել է: Աստված պատվեր տվեց Աբրահամին, որ նա զոհի իր սիրելի որդուն` Իսահակին: Ապա մենք տեսնում ենք, որ Տերը լռում է եւ սպասում` արդյոք Աբրահամը կզոհի, թե ոչ: Նմանապես Աստված Ադամին պատվիրեց, որ ծառի պտղից չուտի: Եթե Տերն այսօր չի խոսում, ապա արա այն, ինչ Նա ասել է քեզ վերջին անգամ:
Մատթ. 25-րդ գլխում կարդում ենք տասը կույսերի մասին առակը: Ասվում է, որ երկնքի արքայությունը նման է տասը կույսերի, որ իրենց լապտերները վերցրեցին եւ դուրս եկան փեսային դիմավորելու: Նրանցից հինգն իմաստուն էին, հինգը` հիմար: Իմաստուններն իրենց լապտերների համար ձեթ վերցրեցին ամանների մեջ, մինչդեռ հիմարներն այդպես չարեցին: Այստեղձեթը խորհրդանշում է Աստծո օծությունն ու զորությունը: Շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ երբ փեսան ուշացավ, բոլորը թմրեցին եւ քնեցին, այդ թվում նաեւ իմաստուն կույսերը, մինչդեռ Աստծո Խոսքը պատվիրում է մեզ չքնել, այլ արթուն լինել եւ հսկում անել: Առակից հասկանում ենք, որ երբ փեսան ուշանում է, ոմանք օծությամբ են քնում, ոմանք` առանց օծության:
Այնուհետեւ կեսգիշերին աղաղակ եղավ. “Ահա, փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու”: Երբ ես քննում էի այս առակը, ինձ մոտ հարց ծագեց, իսկ ով էր նա, որ գիշերվա կեսին արթուն էր եւ աղաղակում էր: Հասկացա, որ դա արթնության մեջ քայլող եկեղեցին է, որն ամենուր ավետում է Տիրոջ գալուստը: Ես խորապես համոզված եմ, որ այսօր պետք է ավելի, քան երբեւէ լսելի լինի եկեղեցու ձայնը: Նա պետք է աղաղակի մեղքի եւ անօրենության դեմ, պետք է աղաղակի, որ արհեստական վիժեցումը, թմրադեղերը, արբեցողությունը, բաժանությունները եւ սրանց նման բաները չարիք են: Աստված փրկարար օղակը չի տվել որպես զարդ, այլ` որպես մարդկանց փրկելու միջոց: Այսօր եկեղեցու ձայնը այն փրկարար օղակն է, որով Տերը կամենում է հասնել ազգերին:
Վերջում ես կոչ արեցի բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ պարզապես մոլորվել են եւ չգիտեն, թե որտեղ են գտնվում, գալ առաջ եւ միասին աղոթք անել: