Զարմացրու Աստծուն, եւ բոլորը կզարմանան

By artursimonyan

Vrastan8Հովիվ Օլեգ Խուբաշվիլու հրավերով այսօր առավոտյան ծառայություն անցկացրեցի Հոգեգալստական եկեղեցում, որին ներկա էին Թբիլիսիի բոլոր հոգեգալստական եկեղեցիների ներկայացուցիչները: Այնքան հրաշալի է, որ Վրաստանում ունենք հավատքով եւ սիրով լցված քույր-եղբայրներ:

Ծառայության ժամանակ ես նշեցի, որ անխտիր բոլորս ծնված օրվանից կանգնած ենք մահվան հերթի մեջ, բայց սա այն եզակի դեպքն է, երբ ոչ մեկս չենք ցանկանում, որ մեր հերթը հասնի: Մենք ծնվում ենք, մեծանում` ցանկություն ունենալով զարմացնել մարդկանց: Սակայն մեզ հարկավոր է զարմացնել Աստծուն, եւ այդ ժամանակ բոլորը կզարմանան: Դու կհարցնես, բայց միթե հնարավոր է Աստծուն զարմացնել: Այո’, ողջ Աստվածաշունչը լի է այնպիսի մարդկանցով, ովքեր զարմացրել են Տիրոջն իրենց հավատքով եւ հնազանդությամբ:

Vrastan7Օրինակ` հեթանոս կինը զարմացրեց Հիսուսին: Նա խնդրեց, որ Հիսուսը բժշկի իր դիվահար դստերը, բայց Տերն ասաց, որ արժան չէ երեխաների հացը շներին տալ: Սակայն վիրավորվելու փոխարեն այս կինը խոնարհությամբ պատասխանեց, որ շներն էլ սեղանի տակ օգտվում են երեխաների փշրանքներից: Հիսուսը զարմացավ կնոջ հավատքի վրա` ասելով. «Ով կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես դու ցանկանում ես»: Հիսուսին զարմացրեց նաեւ պատանին, որն իր ունեցած ձուկը եւ հացը զոհեց հինգ հազարից ավելի մարդ կերակրելու համար: Աստծուն զարմացրեցին նաեւ Աբելը, Նոյը, Աբրահամը, Իսահակը եւ այլ աստվածաշնչյան հերոսներ: Ես կոչ արեցի, որ նրանց օրինակով մենք էլ զարմացնենք Տիրոջը մեր հավատքով եւ հնազանդությամբ:

Շատ կարեւոր է նաեւ, որ մեր աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը, այսինքն մեր գործերը չլինեն ցուցադրական, այլ ամեն բան անենք Աստծո համար, եւ մեր Հայրը, որ տեսնում է ծածուկում, հայտնապես կհատուցանի մեզ:

Vrastan6Ինձ շատ դուր է գալիս Հովհաննես Մկրտիչը: Կարդալով Ավետարանները` չես ասի, որ նա նորաձեւ մարդ էր կամ մտահոգված էր, թե ինչ կմտածեն ուրիշներն իր մասին: Խոսքն ասում է, որ նա հագնում էր ուխտի բրդից հանդերձ, չէր խմում գինի եւ ուտում էր մարախ ու վայրի մեղր: Սակայն Հովհաննես Մկրտիչը մեկն էր, ով նախապատրաստում էր ժողովրդին Տիրոջ հետ հանդիպմանը: Բազմությունները գալիս էին նրա մոտ եւ Հորդանանում մկրտվում` խոստովանելով իրենց մեղքերը: Այսօր մեր առջեւ իր ողջ սրությամբ դրված է այդ նույն հարցը` ինչ ենք մենք անում, որպեսզի մարդկանց պատրաստ ենք Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը: