Արթնությունն ու աղոթքը քայլում են կողք կողքի

“Արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար”(Մարկոս 14.38):

Հիսուս Քրիստոսն այս խոսքերով մեծ ու հզոր հայտնություն տվեց Իր աշակերտներին: Հաճախ մտածում ենք, որ արթուն մնալը եւ աղոթք անելը ուղղակի լավ է մեզ համար, բայց դա պետք է անենք, որպեսզի փորձության մեջ չընկնենք: Յուրաքանչյուր ոք կարող է ընկնել մեծ փորձության մեջ, եթե չաղոթի Տիրոջը:

Արթնությունն ու աղոթքը քայլում են կողք կողքի: Անհնար է ունենալ աղոթքի կյանք առանց արթնության, և հակառակը: Արթնությունը բերում է աղոթքի, աղոթքը` արթնության… 

Մարմինը պայքարում է հոգու դեմ, հոգին` մարմնի: Հոգին հոժար է Աստծո Խոսքը կարդալու կամ աղոթելու, բայց մարմինը տկար է: Աշակերտները չկարողացան աղոթքի մեջ մնալ: Հնարավոր չէ Քրիստոսի կողքին կանգնել եւ աղոթք անել, եթե արթուն չլինենք: Գիտեք որն էր պատճառը, որ աշակերտները հոգնեցին եւ քնեցին: Պատճառը մարմնի տկարությունն էր:

Այսօր մարմնի նույն տկարությունը առկա է նաև մեր կյանքերում: Ամեն ժամանակ, երբ ուզում ենք եկեղեցի գնալ, աղոթել կամ կարդալ, ինչ-որ բան անել հոգեւոր դաշտում Տիրոջ և մարդկանց համար` մարմնի տկարությունը գլուխ է բարձրացնում: Սակայն հենց հերթը հասնում է հեռուստացույցին կամ համակարգչի առջև ժամերով նստելուն` մարմինն ընդհանարապես լռում է: Մարմինը միշտ գլուխ է բարձրացնում հոգու դեմ:

Ուրեմն ջանք արեք, որ հոգին լռեցնի մարմնի տկարությանը` կատարելով Տիրոջ գործերը: Մնացեք Տիրոջ հետ: Ամեն:

Advertisement

Tags: , , , ,


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 103 other followers